Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆԱՍԻԱԿԱՆ-ՀԱՐԱՎԱՍԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ

ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆԱՍԻԱԿԱՆ-ՀԱՐԱՎԱՍԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ
16.10.2009 | 00:00

ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերությունների ամենադրամատիկ պահերին անգամ, երբ ամերիկյան հետախուզական ծառայությունները չէին կարող վստահությամբ պնդել կամ հերքել Իրանում միջուկային զենքի ստեղծման անհրաժեշտ բաղադրիչների առկայությունը, Ամերիկայի պատգամախոս Զ. Բժեզինսկին (հայկական արմատներով լեհական ընտանիքից) շարունակում էր պնդել իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Այդ պնդումը ներկայացվում էր իբրև գործոն Մերձավոր Արևելքում և Ներքին Եվրասիայում ԱՄՆ-ի բազմաթիվ խնդիրների լուծման համար, և, իհարկե, նաև նավթի ու գազի հետ կապված։ Այս գիծը Զ. Բժեզինսկին շարունակում է տանել ոչ պակաս, քան քսան տարի, ինչն առաջացնում է ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամների ակնհայտ դժգոհությունը, թեպետ քաղաքագետը պնդում է, որ Իրանի հետ հարաբերությունների նորմալացումը կհանգեցնի նաև Իսրայելի անվտանգության ապահովմանը։
Այնպիսի քաղաքական ծրագրավորողը, ինչպիսին Զ. Բժեզինսկին է, չէր կարող չհասկանալ, որ վաղ թե ուշ «կտապալվեն» ամերիկա-թուրքական հարաբերությունները, սակայն նա նախընտրում էր առաջ չընկնել իրադարձություններից։ Թեպետ նրա աշխատություններն ուշադիր կարդալու դեպքում կարելի է նկատել Թուրքիայի դերի բացակայությունն ԱՄՆ-ի նոր ռազմավարության կառուցման մեջ «եվրասիական Բալկաններում»։ Բժեզինսկի քաղաքագետին երբեմն կշտամբում են այն բանի համար, որ նա չի կարողացել կանխատեսել բազմաթիվ վճռական իրադարձություններ, բացառությամբ ԽՍՀՄ-ի փլուզումից, ինչը հասկանում էր նույնիսկ սովետական մտավորականությունը։ Բայց, հավանաբար, այդ մակարդակի քաղաքագետները հարկադրված են հրաժարվել հանճարեղ կանխատեսումների հեղինակ լինելու փառասիրությունից, քանի որ նրանց արտահայտությունները կարող են նկատելիորեն սրբագրել միջազգային քաղաքականությունը։ Չնկատելն ու չընդգծելը նույնպես պրոֆեսիոնալ աշխատանք է։ Մի առիթով Բժեզինսկին ասել է. «Ես վարժվել եմ, որ իմ գործընկերները զրույցը սկսելիս իրենց լարված են զգում։ Բայց խոսակցության վերջում նրանք, առանց բացառության, ձեռք են բերում լայն ընկալում ու ազատություն։ Տարածաշրջանի երկրների մասին մտորելիս ես երբևէ հնարավոր չեմ համարել որևէ հարձակում Հայաստանի դեմ և, իհարկե, ոչ այն պատճառով, որ իմ հեռավոր հայ նախնիները երբևէ հասել են Լեհաստան, այլ այն պատճառով, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի անփոխարինելի գործընկերն ու բարեկամը»։
Ինչպես հայտնի է, ցանկացած լեգենդ սնուցման ու արդիականացման կարիք ունի, թեկուզ և մասնավոր զրույցներում։ Սակայն պետք է ընդունել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ «իրանական հեռանկարը» շատ կողմերով բացատրվում է դեռ 1990-ականների կեսից սպասվող ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացմամբ և, ըստ այդմ, լուրջ այլընտրանքների որոնումով Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Անկասկած, իրանական թեման հետաքրքրում է ոչ միայն ամերիկյան քաղաքագիտության «մեթրին», այլ նաև ուրիշ ակտուալ քաղաքական ծրագրավորողների։ Եվ դա պայմանավորված է Ռուսաստանի հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ու հենց այդ ուղղությունն է պայմանավորում Թուրքիային` իբրև տարածաշրջանում ռազմավարական դաշնակցի փոխարինող գտնելու հնարավորությունների որոնումը։
Վերլուծական աշխատություններում, որ հրապարակվում են ամերիկյան առաջատար հետազոտական կենտրոնների և ինստիտուտների կայքերում, վերջին ամիսներին նկատելի են շատ հետաքրքիր գաղափարներ, որոնք առաջին հայացքից կարող են որոշակի շփոթվածության արդյունք թվալ։ Խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ը «դրական սալդոյով» է դուրս եկել Հարավային Կովկասում 2008-ի ամռանը տեղի ունեցած ռազմական կոնֆլիկտից, ինչը թույլ է տվել ամերիկացիներին` ամրապնդել իրենց ռազմական ներկայությունը Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում։ Սակայն դա միաժամանակ որոշակիորեն շեղեց ԱՄՆ-ին գլխավոր աշխարհաքաղաքական խնդրից` Չինաստանի հետ հակադրությունից։ Սա միգուցե ոչ այնքան համոզիչ գաղափար է, սակայն նկատելի է ամերիկյան քաղաքագետների աշխատություններում, ովքեր զբաղվում են Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի խնդիրներով։ Եվ սա հասկանալի է, որովհետև Չինաստանով զբաղվող ամերիկյան մասնագետները ներգրավված են ավելի նեղ խնդիրների լուծման շրջանակում և չունեն այն ֆենոմենալ եռանդն ու ինտուիցիան, ինչը բնորոշ է վերոհիշյալ տարածաշրջանների գծով մասնագիտացած վերլուծաբաններին։ Այսպիսով, առաջ է քաշվում գաղափար, թե ամերիկյան քաղաքականությունը հրապուրված է այնպիսի «շահեկան» թեմաներով, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը, և դա շեղում է ԱՄՆ-ի ջանքերը գլխավոր աշխարհաքաղաքական ուղղությունից` Չինաստանին զսպելու խնդրից։ Կարելի է հանգել եզրակացության, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Ներքին Եվրասիայում պայմանավորված է ավելի գլոբալ խնդիրներով, սակայն նույնիսկ այդ տարածաշրջանում նախընտրելի դիրքեր ունենալը չի կարող ապահովել վերոնշյալ խնդրի լուծումը պետությունների հուսալի ճակատ ստեղծելու միջոցով, և ամերիկացիներին անհրաժեշտ է ռազմավարական դաշինք ձևավորել Հնդկաստանի հետ, որպես մի պետություն, որը մշտապես հակադրվել է Չինաստանին։ Ընդ որում, Հնդկաստանն ամերիկյան ծրագրավորողների մտայնությամբ պետք է դառնա Կենտրոնական Ասիայի լայնածավալ տարածաշրջանը դեպ իրեն ձգող «բևեռ»։
2006-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց մի փաստաթուղթ, որը բովանդակում էր Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները դեպի Հնդկաստան վերակողմնորոշելու խնդիրները։ Չնայած այդ փաստաթղթում խոսվում է ամբողջ Հարավային Ասիայի մասին, ներառյալ Պակիստանը` որպես կենտրոնասիական երկրների էներգետիկ ռեսուրսների սպառող, այնուհանդերձ, կասկած չկա, որ իրական նպատակը Հնդկաստանի ուժեղացումն է։ Այսինքն` կանխել կենտրոնասիական երկրների նավթի, գազի և այլ ռեսուրսների ուղղորդումը դեպի Չինաստան։ Առայժմ ԱՄՆ-ի այդ ձգտումները հաջողությամբ տապալվել են, քանի որ Կենտրոնական Ասիայի ու Հնդկաստանի միջև կոմունիկացիաները գործնականում բացակայում են։ Աֆղանստանը, որպես այդ խնդրի լուծման համար տրանզիտային երկիր, բացարձակ պիտանի չէ, իսկ Չինաստանն արդեն իսկ ակտիվորեն իրականացնում է տարածաշրջանի նավթի ու գազի տեղափոխումը, և դա միանգամայն ձեռնտու է Ղազախստանին, Թուրքմենստանին և ՈՒզբեկստանին, որոնք էներգետիկ հումքի արտահանման այլընտրանքային հուսալի ուղիների կարիք ունեն։ Արդեն այսօր էներգակիրների` դեպի Չինաստան արտահանումը բերել է նկատելի հետևանքների Չինաստանի արևմտյան նահանգների տնտեսական իրավիճակի բարելավման առումով։ Դա չի կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին։ Հնարավոր է` ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը թույլ կտա հետաձգել Չինաստանի հզորագույն տերության վերածվելը 5-7 տարով, բայց ոչ ավելի։ Ապագայում ԱՄՆ-ը հարկադրված կլինի մշակել արդյունավետ տարածաշրջանային քաղաքականություն, որտեղ Ռուսաստանի հետ կապված խնդիրները կդիտարկվեն ընդամենն իբրև գլխավոր նպատակի կցորդ։
Լիազորությունների ավարտման նախաշեմին Ջորջ Բուշի վարչակազմը Հնդկաստանի հետ պայմանագիր ստորագրեց միջուկային էներգիայի օգտագործման և դրա հետ կապված այլ խնդիրների շուրջ, ինչը գործնականում հուսալի բազա ստեղծեց հետագայում ամերիկա-հնդկական ռազմավարական դաշինք ձևավորելու համար։ Հարկ է նշել, որ Բուշի վարչակազմը մի քանի անգամ փորձել է մոտեցումներ գտնել Չինաստանի հետ ավելի վստահելի հարաբերություններ ձևավորելու համար, ինչը չի հաջողվել։ Չինական էքսպանսիային դիմակայելու ԱՄՆ-ի անպատրաստվածության «դասական» օրինակ կարող է դիտարկվել Ռոբերտ Զոելիկի ծրագրի տապալումը, որը նշանակվեց պետքարտուղարի առաջին տեղակալ Ջորջ Բուշի նախագահության երկրորդ ժամկետում, և այդ նշանակումը պայմանավորված էր անմիջականորեն Չինաստանի հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Զոելիկը կարողացավ այդ պաշտոնում դիմանալ 6 ամսից ոչ ավելի, և նրա գաղափարների հիմքում ընկած էր այն թեզը, որ պետք է ոչ թե հակադրվել Չինաստանին, այլ ընդգրկել նրան համաշխարհային հիմնախնդիրների լուծման դաշտում` ԱՄՆ-ի հետ առավելագույն համախմբվածությամբ։ Հավանաբար, ԱՄՆ-ում վերջնականապես հրաժարվել են այս նախաձեռնությունից և հանգել եզրակացության, որ միայն ուժեղ ռազմաքաղաքական ու տնտեսական հակադրությունը կարող է Չինաստանին զսպելու միջոց լինել։ Այսինքն` «խաղագումարը» դրված է գեոտնտեսական ծրագրերի վրա, և այդ նախագծում Իրանը կարող է ունենալ նկատելի մասնակցություն։
Հարկ է նկատի ունենալ, որ Իրանը տիրապետում է բնական գազի խոշորագույն պաշարների, և այդ ռեսուրսները դեռևս չեն դարձել արդի գեոքաղաքական խաղի առարկա, թեպետ իրանական գազի օգտագործման խնդիրները վաղուց են քննարկվում համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվրոպացիները հասկանում են, որ առանց իրանական ռեսուրսների հնարավոր չէ իրականում դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Ադրբեջանական գազն այս իմաստով կարող է խաղալ շատ սահմանափակ դեր։ Թուրքմենական գազի արտահանումը շարունակում է մնալ կասկածելի, քանի որ այդ ռեսուրսների շուրջ համառ պայքար է ընթանում Ռուսաստանի ու Չինաստանի մասնակցությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ եվրոպացիներն առանց հատուկ ոգևորության կառուցեցին Թուրքիայի տարածքով անցնող գազամուղը և այդ երկիրը դիտարկում են որպես ոչ այնքան վստահելի գործընկեր, այնուհանդերձ, իրանական գազի ծավալները հնարավորություն կտային մարել կասկածներն ու նվազեցնել ռիսկերը։ Թուրքիայի համար «Նաբուկո» գազամուղի կառուցումը և հատկապես իրանական գազի տրանզիտի կազմակերպումն իր տարածքով կհանգեցներ Թուրքիայի` իբրև էներգառեսուրսների միջմայրցամաքային էներգատրանզիտային երկրի կարգավիճակի ամրագրման։ Թուրքիան հաճույքով կմասնակցեր իրանական գազի հանքավայրերի շահագործմանը և արդեն հայտարարել է իր այդ մտադրության մասին։ Սակայն ԱՄՆ-ը կտրականապես դեմ է հանդես գալիս իրանական գազի տարանցմանը Եվրոպա և Իրանի մասնակցությանը «Նաբուկո» ծրագրին։ Բացարձակապես անտրամաբանական է կազմակերպել նավթի գների աղետալի անկումը և, միաժամանակ, ապահովել Իրանին գազի արտահանումից ստացվող եկամուտներով։ Սակայն առաջանում է հարց, որ ժամանակակից պայմաններում, երբ էներգետիկան հայտնվել է համաշխարհային քաղաքականության կիզակետում, իրանական գազի պաշարները չեն կարող պահանջված չլինել և չօգտագործվել երկար ժամանակ։ Իրադրությունը կստիպի լուծել այդ հարցը, և այն կլուծվի եթե ոչ ԱՄՆ-ի, ապա այլ տերությունների մասնակցությամբ։
ԱՄՆ-ի համար ներկայումս մեկ հիմնախնդիր գոյություն ունի. թույլ չտալ իրանական գազի տարանցումն ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան ու Չինաստան։ Այդ իսկ պատճառով ամերիկյան նոր վարչակազմի առջև, այսպես թե այնպես, կանգնելու է ճակատագրական հարցը, թե ի՞նչն է ավելի անընդունելի, իրանական գազի տարանցումը Եվրոպա՞, թե՞ Չինաստան։ Այդ առիթով է՛լ ավելի արդիական կդառնան Զ. Բժեզինսկու գաղափարները Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Իրանը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը նավթի արտահանումից, փորձում դրանից ստացվող եկամուտները փոխարինել գազի արտահանումից ստացվող միջոցներով։ Այդ իսկ պատճառով գազային թեման կարող է լավ հիմք դառնալ բանակցությունների և իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար։ Զ. Բժեզինսկին և նրա հետ աշխատող վերլուծաբանները համարում են, որ իրանական գազի տարանցումը Եվրոպա չի վնասի եվրոպական պետությունների էներգետիկ անվտանգությանը։ Այսինքն` Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել Եվրոպային, եթե այդ նախագիծը վերահսկի ԱՄՆ-ը։ Սակայն այս դատողություններն ունեն մեկ խոցելի կողմ` Իրանի և Ռուսաստանի համախմբման հնարավորությունը, երբ այդ գազային շանտաժն արդեն կարող է հանգեցնել շատ անցանկալի հետևանքների։ Այս վարկածն ամրապնդվում է Ռուսաստանի, Իրանի և Կատարի համատեղ փորձերով գազային ՕՊԵԿ ստեղծելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա շատ կողմերով վերահսկել գազի համաշխարհային շուկան և գազի տարանցման նախագծերը։ Ամերիկյան վերլուծաբանների վերջին ոչ մեծաթիվ աշխատանքներն այդ թեմայով դիտարկելիս կարելի է դրանցում նկատել առկա որոշակի «չինական ֆունդամենտալիզմ», երբ համաշխարհային նշանակություն ունեցող գեոտնտեսական ծրագրերի նպատակահարմարությունը դիտարկվում է Չինաստանի շահերից և նրանից բխող վտանգներից ելնելով։
Միաժամանակ գոյություն ունի իրանական գազի տարանցման երրորդ տարբերակը, և դա Հնդկաստանն է, որը վաղուց ի վեր ահռելի դեֆիցիտ ունի ածխաջրածնային հումք ձեռք բերելու առումով։ Էներգետիկ գործոնն իրականում վերածվել է Հնդկաստանի զարգացումը սահմանափակող կարևորագույն լծակի, ինչպես և Չինաստանի դեպքում։ Եվ այստեղ առաջանում են հետևյալ հարցերը, թե որքանո՞վ է ԱՄՆ-ը շահագրգռված եվրոպական պետությունների, հատկապես Գերմանիայի ու Ֆրանսիայի էներգետիկ խնդիրների հաջող լուծմամբ։ Արդյոք ԱՄՆ-ի համար ընդունելի՞ է էներգակիրների տրանզիտի կազմակերպումը Թուրքիայի տարածքով, որը գնալով դառնում է ավելի անհուսալի։ Ի՞նչն է ամերիկացիների համար ավելի կարևոր. Իրանի համար եկամուտների նոր աղբյուրների ստեղծո՞ւմը, թե՞ Հնդկաստանի հաջող զարգացումը և, միաժամանակ, Չինաստանի զարգացման սահմանափակումը։ Կարո՞ղ է, արդյոք, իրանական գազի տարանցումը Հնդկաստան հանգեցնել, այսպես կոչված, գազային ՕՊԵԿ ստեղծող երկրների տարաբաժանման, եթե պարզվի, որ այլևս իմաստ չունի քննարկելու ընդհանուր շուկայի հետ կապված խնդիրները։
Ինչպես տեսնում ենք, ստեղծվում է խաղարկային իրավիճակ, որտեղ իր շահերը չի կարող չունենալ Մեծ Բրիտանիան։ Եթե հարց առաջադրվի, օրինակ, «Բի-Պի» ընկերության վերլուծական խորհրդի փորձագետներին, ապա, անկախ նրանց պատասխանից, կարելի է գլխի ընկնել, որ Մեծ Բրիտանիան էլ բոլորովին շահագրգռված չէ իրանական գազի տարանցմամբ ո՛չ դեպի Եվրոպա, ո՛չ էլ Չինաստան։ Սակայն բրիտանացիներին հատկապես անհանգստացնում է իրանական գազի տրանզիտը Եվրոպա` Ռուսաստանի խողովակաշարերի միջոցով։ Դա կլիներ էական հարված Մեծ Բրիտանիայի ոչ միայն էներգետիկ, այլև ընդհանուր քաղաքականությանը Եվրասիայում ու Մերձավոր Արևելքում։ Ինչ վերաբերում է իրանական գազի տարանցմանը Հնդկաստան, ապա Մեծ Բրիտանիան ոչ քիչ շանսեր ունի իր վերահսկողության տակ վերցնելու այդ ծրագիրը։
Այսպիսով, Զ. Բժեզինսկու «իրանական նախագիծը» ձեռք է բերում բոլորովին այլ միջակայք, և Իրանը որպես Ռուսաստանին հակադրվելու գործիք օգտագործելը վերածվում է ավելի լայն խնդրի նույնիսկ իր սահմանափակ իմաստով։ Որովհետև վերջնահաշվում այն ուղղված է լինելու Չինաստանին զսպելուն։ Իհարկե, այդ պարագայում Հայաստանը կզրկվի իրանական գազը եվրոպական կամ ռուսական ուղղությամբ իր տարածքով տարանցելու բոլոր հույսերից։ Բայց, մյուս կողմից, Իրանի գազի պաշարներն այնքան ահռելի են, որ այս դաշտում կարելի է խաղարկել ցանկացած սցենար և ապահովել առնվազն երկու ռազմավարական ուղղություններով այդ ռեսուրսների տարանցումը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ